ՀԱԿ-իշխանությունը երկխոսությունն ուշացած է, դա պետք է լիներ մարտի 1-ից առաջ կամ քարոզարշավի ժամանակ: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը` հավելելով, որ այսօր նրանք իրենց դիրքերն ամրապնդելու համար են սկսել երկխոսությունը:
Նա ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը համեմատեց շախմատային պարտիայի հետ` նշելով, որ առաջին պարտաին ավարտվել է այն քայլով, որ նախագահը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը երկխոսելու խնդիր ունի, նա կարող է դիմել Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին կամ Կարեն Կարապետյանին: Նրա խոսքով` այստեղ շախմատ խաղում են սիրողական մակարդակով, քանի որ քայլերը հետ են տալիս:
«Օրինակ` երբ ՀԱԿ-ը 15 պահանջ դրեց, հետ վերցրեց 12-ը, մնաց 3-ը: Ժամանակին, երբ նախագահը ասաց, որ աշխատանքային խումբ կամ պատվիրակություն չի լինելու, հետո քայլը հետ վերցրեց եւ ձեւավորվեց պատվիրակություն»,- ասաց Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` երկխոսության օրակարգը հստակ չէ, իշխանություններն ասում են, որ յուրաքանչյուր հարց կարող են քննարկել:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Արամ Հարությունյանը վստահ է, որ այդպիսիք չեն լինելու, բայց ՀԱԿ-ն արտահերթ ընտրություններ կպահանջի նույնիսկ հերթական ընտրությունների օրը: Նրա կանխատեսմամբ` ՀԱԿ- իշխանություն նոր հանդիպումներ կլինեն, կերկխոսեն ու հետո կբաժանվեն, իսկ սեպտեմբերից, հավանաբար` 21-ից հետո, ՀԱԿ-ը կկոշտացնի իր դիրքորոշումները: «Եթե ՀԱԿ-ը այդքան համոզված է, որ արտահերթ ընտրություններ են լինելու, այդ դեպքում ես պատրաստ եմ վճարել ՀԱԿ-ի գրավը` պայմանով, որ արտահերթ չլինելու դեպքում իրենք մեր կուսակցության գրավը վճարեն»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նշենք, որ հունիսի 30-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսելու որոշում կայացնելու համար իշխանություններին ժամանակ տալիս են մինչեւ սեպտեմբեր: Իսկ հուլիսի 18-ին խորհրդակցություններ են սկսվել իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ: Առաջին հանդիպմանը հստակ օրակարգ չի ձեւավորվել: ՀԱԿ-իշխանություն երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին Կառավարության ընդունելությունների տանը:




























