Թեեւ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունից սպասումները երկուստեք այնքան էլ մեծ չէին, սակայն առաջին հանդիպումը բավական դրական հունով է ընթացել։ Այս մասին հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, ընդդիմության հետ բանակցելու համար ստեղծված աշխատանքային խմբի անդամ Խաչիկ Հարությունյանը:
«Կարեւորն այն է, որ կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բանակցությունները։ Ճիշտ է, օրակարգ չձեւավորվեց եւ հայտնի չէ՝ կձեւավորվի՞ երկրորդ հանդիպման ժամանակ, սակայն փաստ է, որ երկխոսությունը ապագայի համար կարեւոր նշանակություն ունի։
Ժամանակն է, որպեսզի իշխանություն-ընդդիմություն տարաձայնությունները լուծվեն ոչ թե բախումների եւ ծայրահեղ քայլերի, այլ քննարկումների միջոցով։ Ժամանակն է փողոցային պայքարը բերել առավել քաղաքակիրթ դաշտ»,- նկատեց ՕԵԿ պատգամավորը։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ կայացած առաջին հանդիպման մանրամասներին՝ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց ընդդիմախոսներն ամենատարբեր ոլորտներին վերաբերող բավական սուր հարցադրումներ են առաջ քաշել, ընդհուպ՝ հիմնավորումներ են ներկայացրել արտահերթ ընտրությունների անցկացման մասով, սակայն կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց հերթին հասկացրել են, որ վերջնագրեր լինելու դեպքում դրանք չեն ընդունվի:
«Մենք լավատես ենք եւ սպասում ենք ընդդիմության հետ երկրորդ, երրորդ հանդիպումներին։ Եթե երկխոսությունը դրական արդյունքներ տա, շատ լավ, եթե ոչ՝ յուրաքանչյուր կողմ կգնա իր ճանապարհով»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Ամփոփելով՝ ՕԵԿ-ական պատգամավորը շեշտեց, որ կոալիցիան ընդդիմության հետ երկխոսության գնում է կայուն եւ խաղաղ երկիր ունենալու նպատակով։
Նշենք, որ իշխանություն-ՀԱԿ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, հաջորդ հանդիպումը նշանակված է հուլիսի 26-ին՝ կառավարության ընդունելությունների տանը։




























