Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում այսօր, հուլիսի 24-ին կայացած 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը Սերգեյ Մովսիսյանի հաղթական միավորի շնորհիվ 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ վաստակեց 12 միավոր: Ոչ ոքի խաղացին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը:
Տուրի մյուս կարեւորագույն մրցամարտում Չինաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց ռուսներին եւ վաստակեց 9 միավոր: 9 միավոր ունի նաեւ Ուկրաինան, որը 2,5:1,5 հաշվով հաղթեց Իսրայելին: Չինաստանն ու Ուկրաինան կարող են շրջանցել Հայաստանի հավաքականին, եթե մնացած երկու տուրերում մեր թիմը ոչ մի միավոր չվաստակի: Հիշեցնենք, որ հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար` 1 միավոր: 8-րդ տուրում Հայաստանը խաղում է Ադրբեջանի, 9-րդ տուրում` Ուկրաինայի հետ:
ԱՄՆ-ն հաղթեց Ադրբեջանին, Հնդկաստանն ու Եգիպտոսը դեռ խաղում են: 8-ական միավոր ունեն Հունգարիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականները: Ադրբեջանը վաստակել է 6 միավոր:



























