«Մաքս-կոնցեռն»-ի մաս կազմող Լուսակերտի թռչնաֆաբրիկան արդեն վաճառված է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է կոնցեռնի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության կողմից պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
Նա նշել է, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի արժեթղթերի գլխավոր փաթեթը ձեռք է բերում «Դվին-կոնցեռնը», որի մեջ մտնում է Գետամեջի թռչնաֆաբրիկան: Մանուկյանի խոսքերով, Լուսակերտի ֆաբրիկան ապահովում է հանրապետության ձվի պահանջի 23-26 տոկոսը, իսկ Գետամեջի ֆաբրիկան միայն թռչուն է արտադրում: «Այնպես որ, երկու թռչնաֆաբրիկաների սինթեզը շատ արդյունավետ կլինի»,- հայտարարել է նա:
Սակայն, Մանուկյանը հրաժարվել է նշել գործարքի գումարը` նշելով միայն, որ Լուսակերտի կենսագազային կայանը, որը վերամշակում է թռչնաֆաբրիկայի թափոնները, մնում է որպես «Մաքս-կոնցեռնի» սեփականություն:



























