Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն այս կարեւորագույն մրցաշարում հաղթանակ չէր տարել:

1985 թվականից անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում երկու անգամ չեմպիոն է դարձել նախկին ԽՍՀՄ հավաքականը, երեք անգամ առաջինն է եղել Ռուսաստանը, մեկական հաղթանակ ունեն նաեւ ԱՄՆ-ն ու Ուկրաինան: Նշենք, որ ԽՍՀՄ հավաքականի կազմում երկու դեպքում էլ աշխարհի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը:

Աշխարհի թիմային առաջնությունն իր հեղինակությամբ իհարկե զիջում է Համաշխարհային Օլիմպիադային, սակայն մարզական նշանակությամբ թիմային առաջնությունը վստահաբար կարելի է համարել առաջինը: Այս մրցաշարին մասնակցում են մայրցամաքների չեմպիոնները, Համաշխարհային Օլիմպիադայի մրցանակակիրները, կազմակերպիչ երկրի հավաքականը եւ ՖԻԴԵ-ի նախագահի հրավիրյալ թիմը:

Այս տարի հենց Հայաստանն էր արժանացել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հրավերին:

Այս տարվա մրցաշարը մասնակից շախմատիստների կազմով չափազանց ուժեղ էր:

Առաջատարներից բացակայում էին միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդ, որոնք պատրաստվում են աշխարհի չեմպիոնի մրցամարտին, Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել էր, իսկ Մագնուս Կարլսենի Նորվեգիայի հավաքականը չափազանց թույլ է:

Իսկ Հայաստանի հավաքականը Չինաստանում դարձյալ իր ուժեղագույն կազմով էր եւ փառահեղ ուղի անցավ` չկրելով ոչ մի պարտություն: Թիմի ավագ եւ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պայքարի դուրս եկան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

1. Հայաստան-Իսրայել՝ 3,5։0,5
2. ԱՄՆ-Հայաստան՝ 2։2
3. Հայաստան-Ռուսաստան՝ 2։2
4. Հայաստան-Եգիպտոս՝ 3,5։0,5
5. Չինաստան-Հայաստան՝ 1,5։2,5
6. Հայաստան-Հնդկաստան՝ 2,5։1,5
7. Հունգարիա-Հայաստան՝ 1,5։2,5
8. Հայաստան-Ադրբեջան՝ 2։2
9. Հայաստան-Ուկրաինա՝ 2։2

Սերգեյ Մովսիսյան՝ 9 պարտիա - 6 միավոր

Վլադիմիր Հակոբյան՝ 9 - 6

Լեւոն Արոնյան՝ 8 - 5

Գաբրիել Սարգսյան՝ 9 - 4.5

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1 - 1

Նախքան 8-րդ առաջնությունը Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնություններում երրորդ տեղից վեր չէր բարձրացել: 1997 թվականին Լյուցերնում Հայաստանի թիմը Վլադիմիր Հակոբյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Մելիքսեթ Խաչիյան կազմով առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալները:

2001 թվականին աշխարհի առաջնությունն անցկացվեց Երեւանում: Հայաստանի հավաքականը դարձյալ գրավեց երրորդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես էին գալիս Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանն ու Արտաշես Մինասյանը:

2005 թվականին Իսրայելի Բեեր – Շեւա քաղաքում նույնպես Հայաստանը երրորդն էր: Հայաստանի առաջին համարը Լեւոն Արոնյանն էր: Թիմում էին նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանն ու Աշոտ Անաստասյանը:

Նինբոյում աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց հունգարացիներին եւ 13 միավորով գրավեց երկրորդ տեղը: Ուկրաինան 12 միավորով մնաց երրորդ տեղում: Հայաստանը 14 միավորով աշխարհի չեմպիոնն է:

Վերջնական  դասավորություն. 

1. Հայաստան - 14 թիմային միավոր (22,5 անհատական միավոր)

2.Չինաստան - 13 (22,5), 3.Ուկրաինա - 12 (19,5), 4.Ռուսաստան - 10 (21), 5.Հունգարիա - 10 (19,5), 6.ԱՄՆ - 10 (18,5), 7.Ադրբեջան - 9 (19), 8.Հնդկաստան - 7 (15,5), 9.Իսրայել - 5 (13), 10.Եգիպտոս - 0 (9)