14 միավորով աշխարհի չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի հավաքականը Երեւան է վերադառնում  հուլիսի 27-ին, ժամը 15.00-ին: Այս մասին այսօր` հուլիսի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: Ցավոք, մեր հեռախոսազրույցի ընթացքում նրա մոտ շախմատիստներից ոչ ոք չկար եւ մեզ չհաջողվեց խոսել նրանց հետ, բայց Գագիկ Հովհաննիսյանը փոխանցեց, որ մեր շախմատիստները բարձր տրամադրություն ունեն, ամեն ինչ շատ լավ է:

Մեր հավաքականը առաջնության փակման արարողությանը մասնակցելուց հետո անմիջապես մեկնելու է օդանավակայան:

Նշենք, որ շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղթանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն այս կարեւորագույն մրցաշարում հաղթանակ չէր տարել: Այս տարվա մրցաշարը մասնակից շախմատիստների կազմով չափազանց ուժեղ էր: Առաջատարներից բացակայում էին միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդ, որոնք պատրաստվում են աշխարհի չեմպիոնի մրցամարտին, Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել էր, իսկ Մագնուս Կարլսենի Նորվեգիայի հավաքականը չափազանց թույլ է:

Իսկ Հայաստանի հավաքականը Չինաստանում դարձյալ իր ուժեղագույն կազմով էր եւ փառահեղ ուղի անցավ` չկրելով ոչ մի պարտություն:

Թիմի ավագ եւ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պայքարի դուրս եկան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Վերջնական դասավորություն. 

1. Հայաստան - 14 թիմային միավոր (22,5 անհատական միավոր)

2.Չինաստան - 13 (22,5), 3.Ուկրաինա - 12 (19,5), 4.Ռուսաստան - 10 (21), 5.Հունգարիա - 10 (19,5), 6.ԱՄՆ - 10 (18,5), 7.Ադրբեջան - 9 (19), 8.Հնդկաստան - 7 (15,5), 9.Իսրայել - 5 (13), 10.Եգիպտոս - 0 (9)