Թուրքիան չի արձագանքի իր տարածքում կրոնական խտրականությունը դադարեցնելու, աղոթքի եւ կրոնական արարողությունների համար հավաքների սահմանափակումները վերացնելու, նաեւ անօրինականորեն խլված եկեղեցական ունեցվածքը ազգային փոքրամասնություններին տալու կոչին: Այս մասին այսօր` հուլիսի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համապատասխան կոչը:

«Ես վստահ եմ, որ Թուրքիան չի արձագանքի այդ կոչին: Նախ, այդ փոփոխությունը պետք է դեռ ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը եւ քվեարկվի, իսկ թե երբ դա տեղի կունենա` անհայտ է»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով, թուրքերը այդ քայլին չեն գնա, քանի որ այդ դեպքում թուրք ժողովրդի համար ակնհայտ կդառնա, որ նրանք ապրում են մի տարածքում, որը քրիստոնեական քաղաքակրթության բնօրրանն է եղել:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի այդ փոփոխությունը, Սաֆրաստյանն արձագանքեց. «Անկասկած, արձագանքը բացասական կլինի: Թուրքիան դա կհամարի միջամտություն իր ներքին գործերին: Այս նախաձեռնությունը նպատակ չունի Թուրքիային պարտադրել վերադարձնել եկեղեցական ունեցվածքը: ԱՄՆ-ն, իր հերթին, այս հարցում մեծ ճնշում չի գործադրի Թուրքիայի վրա»:

Բացի այդ, Սաֆրաստյանի ներկայացմամբ, Հայաստանը կարող է օգտագործել այլ փաստաթղթեր, որոնց տակ կա նաեւ Թուրքիայի ստորագրությունը եւ դիմի ԵԽ-ին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին` Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին 43 կողմ ձայներով ընդունել էր մի փաստաթուղթ, որով կոչ է արվում Թուրքիային իր տարածքում դադարեցնել կրոնական խտրականությունը, վերացնել աղոթքի եւ կրոնական արարողությունների համար հավաքների սահմանափակումները, նաեւ ազգային փոքրամասնություններին վերադարձնել նրանցից անօրինականորեն խլված եկեղեցական ունեցվածքը: