ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը երկու կողմից էլ քայլ է պահպանելու դոմինանտությունը քաղաքական դաշտում: Այս մասին այսօր` հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հավատացած է, որ այս երկխոսությունը ոչ մի տեղ չի հասնելու:

«Հանկարծ տպավորություն չլինի, թե մենք նախանձում ենք, խանդում ենք: Այդպիսի բան չկա, մենք երկուսին էլ ճանաչում ենք, նրանց դիմագծերն էլ գիտենք, որոնք մեծ հաշվով համընկնում են»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իր տեսակետը չի փոխվել եւ կրկնեց  մեկ շաբաթ առաջ ասածը. «Ես սերիալներ ընդհանրապես չեմ նայում, առավել եւս` հայկական»: Նա նշեց, որ երկխոսության առաջարկներ «Ժառանգությանը» շատ են եղել, բայց միշտ մերժել են: «Երկխոսության լավագույն ուղին այն է, որ ընդդիմությունն ունենա վերահսկողական լուրջ լծակներ: Դրանից լավ երկխոսություն չի կարող լինել, դա կբերի հավասարակշռության քաղաքական դաշտում, փոխադարձ վերահսկողության, ինչը դրական է»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությանը` որպես «երկխոսությունից դուրս մնացածներ», Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք համագործակցել են թե հայ-թուրքական բանակցությունների, թե «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ եւ  ապագայում էլ կհամագործակցեն, եթե տեսակետները նույնը լինեն: «Ժառանգության» համար ոչ թե կարեւոր է կուսակցության անունը, այլ խնդիրը, եւ եթե խնդրի լուծման ուղղությամբ առկա են նույնական տեսակետներ, ապա «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցության` անկախ քաղաքական ուժից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսելու որոշում կայացնելու համար իշխանություններին ժամանակ են տալիս մինչեւ սեպտեմբեր: Իսկ հուլիսի 18-ին խորհրդակցություններ են սկսվել իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ, առաջին հանդիպմանը հստակ օրակարգ չի ձեւավորվել: Այսօր` հուլիսի 26-ին կայացել է ՀԱԿ-կոալիցիա երկորրդ հանդիպումը: ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել հոկտեմբերին: