Ավարտվել է իշխանություն-ՀԱԿ երկխոսության երկրորդ հանդիպումը, որը կայացել է Կառավարության ընդունելությունների տանը:

Կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ձեւավորվել է երկխոսության օրակարգ, որում տեղ են գտել  քննարկման ենթակա երկու հարց, որոնցից մեկը ներկայացրել է ՀԱԿ-ը, մյուսը` կոալիցիան:

1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ
«Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»։

2. Կոալիցիայի առաջարկ
«Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել օգոստոսի 4-ին, ժամը 12:00-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին, որից հետո Դավիթ Հարությունյանն ասել էր, որ այնտեղ կողմերը ներկայացրել էին իրենց մոտեցումները կապված երկխոսության հետագա ընթացքի հետ:

Նա նաեւ նշել էր, որ երկխոսությունը քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու եւ համագործակցության հիմք է, թեեւ դա նաեւ չի նշանակում, որ կողմերի միջեւ հակասությունները վերանում են:

ՀԱԿ-ն իր հերթին այսօր հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է հոկտեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: