Արտահերթ ընտրություններ չեն լինի։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

«Վստահ եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, իսկ ընդհանրապես, արտահերթ ընտրությունները հերթականներից քիչ են տարբերվում»,- նկատեց նա։ Սեֆիլյանի կանախատեսումներով, «Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում աննշան քանակով տեղեր կհատկացվեն»:

Խոսելով «քաղաքական ամռան» մասին՝ Ժիրայր Սեֆիլյանը տեսակետ հայտնեց, որ այն, մեծ հաշվով, մյուսներից քիչ բանով կառանձնանա։ «Չգիտես՝ ինչու, մեր քաղաքական գործիչները որոշել են իրենց արձակուրդ տալ։ Դա նորմալ կլիներ, եթե պետությունը կայացած լիներ, իսկ ժողովուրդը՝ ոչ այսքան սարսափելի վիճակում»,- նկատեց նա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելք Սեֆիլյանը տեսնում է լուրջ, ազնիվ մարդկանց միավորման եւ այլընտրանքային քաղաքական դաշտ ձեւավորելու մեջ։ Նրա կարծիքով, Երրորդ հանրապետության օրերը հաշված են, եւ չարժե հիվանդ օրգանիզմը վերակենդանացնելու անհույս ջանքեր գործադրել։