Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի երիկխոսությունից մեծ արդյունքների չպետք է սպասել, քանի որ այն արդեն կատարել է իր հիմնական գործառույթը՝ շեղել է հասարակության ուշադրութունը երկրում առկա խնդիրներից։ Հուլիսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

«Երկխոսությունից ի սկզբանե ոչինչ էլ պետք չէր սպասել։ Իշխանությունների եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները շատ հարցերի վերաբերյալ միատեսակ են, հետեւաբար այդ հարցերը չեն քննարկվի։ Երկխոսության հայտարարված օրակարգը մակերեսային բնույթ է կրում, որը համակարգային, խորը փոփոխություններ չի նախատեսում, դրա համար էլ այս գործընթացը լուրջ ուշադրություն չպետք է դարձնել»,- նկատեց Ալավերդյանը։

«Երկխոսությունը չի կարող պատասխան տալ արցախյան հարցին, քանի որ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները գրեթե նույնպիսի մոտեցումներ ունեն ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ։ Նույնը կարելի է ասել նաեւ սոցիալական ոլորտի մասին»,- հայտարարեց պատգամավորը։

«Այնտեղ այսօր խոսել են այն մասին, թե ում ինչ պաշտոնում փոխարինեն եւ ինչպես կիսեն իշխանությունը։ Այսօր ՀԱԿ-ը մակերեսային ընդդիմություն է եւ նպաստում է իշխանությունների վերարտադրությանը»,-ամփոփեց Ալավերդյանը։