Եթե իշխանությունը չի կարողանում իրականացնել իր գործառույթները, պետք է պարզապես հեռանա՝ տեղ ազատելով ավելի գործունակների համար։ Այս մասին հուլիսի 26-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ «Բացարձակապես ամոթալի չէ, երբ մարդիկ հրաժարական են տալիս պարտականությունների իրագործման անկարողության պատճառով։ Աշխարհում այս ձեւն ընդունված է եւ գնահատվում է։ Ամեն մեկը պետք է այն գործով զբաղվի, որն իր մոտ ավելի լավ է ստացվում»,- ասաց պատգամավորը։

NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե նույն կերպ կվարվե՞ր «Ժառանգությունը», եթե իշխանության շարքում լիներ, Ալավերդյանը պատասխանեց. «Այդ հարցին ես կարող եմ պատասխանել, որպես անհատ։ Եթե «Ժառանգություն» կուսակցությունը իշխանության շարքում լիներ, բայց երկրից շարունակվեր արտագաղթը, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ այլ բացասական երեւույթները, որոնք այսօր առկա են, ես, որպես այս երկրի քաղաքացի հանդես կգայի հրաժարականի պահանջով։ Այդպես պետք է գործի ցանկացած առողջ դատողությամբ քաղաքական գործիչ»։

Ամփոփելով ասածը, Ալավերդյանը նշեց. «Գիտեք, որ ես հավատացյալ մարդ եմ, եւ ամեն օր աղոթում եմ Աստծուն։ Խնդրանքներիցս մեկն այն է, որ Տերը Հայաստանի իշխանություններին խելք, ուժ եւ խիղճ պարգեւի։ Այս երկրի համար միակ բանը, որ ցանկանում եմ, դա խելացի, ուժեղ իշխանությունն է, որը նաեւ խիղճ կունենա»։