Հայ ազգային կոնգրեսի առաջնահերթ պահանջը` ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, պայմանավորված է հանրապետությունում ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը` ամփոփելով ՀԱԿ-իշխանություն հանդիպման երկրորդ փուլը:
Զուրաբյանը նաեւ ընդգծել է, որ ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պահանջի բավարարման հնարավորությունն այնքանով է իրատեսական, որքան Հայաստանի հետագա զարգացման հավանականությունը: Միաժամանակ Զուրաբյանը չտվեց հստակ պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը բանակցություններ վարում իշխանությունների հետ, եթե նրանց համարում է ոչ լեգիտիմ:
«Այն, որ մենք բանակցում ենք իշխանությունների հետ, դեռ չի նշանակում, որ ճանաչում ենք նրանց լեգիտիմությունը: Մենք միայն փորձում ենք գտնել խաղաղ ելք ստեղծված իրավիճակից, եւ եթե այդ ճանապարհները չգտնվեն, ապա մենք կգնանք առճակատման»,- հայտատարել է նա:
Զուրաբյանը նաեւ տեղեկացրել է, որ կոալիցիայի ներկայացուցիչները խոստացել են զբաղվել ՀԱԿ-ի տրամադրած փաստերով, որոնք վերաբերում են ոստիկանության միջամտություններին ՀԱԿ-ի հանրահավաքներին եւ այդ օրերին տրանսպորտի անբավարար աշխատանքին:



























