Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի Երեւան վերադարձը մի փոքր հետաձվել է` օդանավի չվերթի ուշանալու պատճառով: Նախապես նշվել էր, որ հայ չեմպիոնների օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի այսօր` հուլիսի 27-ին ժամը 15:00-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն ուշանում է: Ամենայն հավանականությամբ, օդանավը Երեւանում կլինի այսօր ուշ երեկոյան: Հայաստանի շախմատի հավաքականի անդամները սկզբում Չինաստանից կժամանեն Մոսկվա, որից հետո` Երեւան:

Օդանավակայանում նրանց դիմավորելու է Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում տարած հաղթանակով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կանգնեց նույն շարքում: Համաշխարհային Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Հայաստանն այս կարեւորագույն մրցաշարում հաղթանակ չէր տարել: Այս տարվա մրցաշարը մասնակից շախմատիստների կազմով չափազանց ուժեղ էր:

Առաջատարներից բացակայում էին միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդ, որոնք պատրաստվում են աշխարհի չեմպիոնի մրցամարտին, Վլադիմիր Կրամնիկը հրաժարվել էր, իսկ Մագնուս Կարլսենի Նորվեգիայի հավաքականը չափազանց թույլ է:

Իսկ Հայաստանի հավաքականը Չինաստանում դարձյալ իր ուժեղագույն կազմով էր եւ փառահեղ ուղի անցավ` չկրելով ոչ մի պարտություն:

Թիմի ավագ եւ մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պայքարի դուրս եկան Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Վերջնական դասավորություն.

1. Հայաստան - 14 թիմային միավոր (22,5 անհատական միավոր), 2.Չինաստան - 13 (22,5), 3.Ուկրաինա - 12 (19,5), 4.Ռուսաստան - 10 (21), 5.Հունգարիա - 10 (19,5), 6.ԱՄՆ - 10 (18,5), 7.Ադրբեջան - 9 (19), 8.Հնդկաստան - 7 (15,5), 9.Իսրայել - 5 (13), 10.Եգիպտոս - 0 (9)