Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային 19-րդ փառատոնի պատվավոր հյուր է ընտրվել ոչ միայն հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հին եւ սերտ կապերի, այլեւ իր որակյալ արտադրանքի շնորհիվ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամը։

«Հատկապես արհեստների ոլորտում վարպետորեն կատարված աշխատանք տեսնելով՝ մենք միշտ ասում ենք՝ սա հայի ձեռքի գործ կլինի։ Հայերին հատուկ է աշխատանքին լավ տիրապետելն ու որակյալ արտադրանքը։ Բացի այդ՝ կարեւոր են մարդկային շփումները, որոնք կարծում եմ՝ ավելի են զարգանալու եւ հարատեւ են լինելու»,- նշեց ինստիտուտի տնօրենը, որն այցելել էր հայկական տաղավար։

Հայաստանի ընդարձակ տաղավարի 12 սրահներում մեր երկրի մշակութային ժառանգությունն է ներկայացված՝ մանրանկարչություն, գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն, հայկական տարազ։
Հեղինակավոր այս փառատոնին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ՝ որպես պատվավոր հյուր։ Ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամը հույս ունի, որ առաջիկայում Հայաստանի հետ համագործությունը կմեծանա․ ինստիտուտն արդեն որոշ ծրագրեր է իրականացնում Հայաստանում։
«Մենք բազմաթիվ կապեր ունենք Հայաստանի հետ, որոնք կարգավորվում են համաձայնագրերով, օրինակ՝ թարգմանության ոլորտում։ Փորձի փոխանակման նպատակով համագործակցում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի հետ, սերտ համագործակցություն ունենք նաեւ Մատենադարանի հետ։ Լիահույս ենք, որ համագործակցությունը մյուս ոլորտներում նույնպես կխորանա»,- ասաց Աբդուլազիզ ալ-Մուսալլամը՝ նշելով, որ հնարավոր է առաջիկայում Հայաստանում էլ արաբական մշակույթի օրեր անցկացվեն։
«Շարժայի ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է Շարժայի կենտրոնում եւ քաղաքի արեւելյան շրջաններում։ Առաջին շաբաթվա ընթացքում փառատոնն ավելի քան 102 հազար այցելու է ունեցել՝ ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններից, այնպես էլ ամբողջ աշխարհից: Ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամը այս տարվա փառատոնը հաջողված է համարում։
«Փառատոնն այս տարի առանձնահատուկ է, մարդկանց կողմից մեծ ներգրավվածություն կա, այցելուների քանակը օր օրի ավելանում է։ Միջոցառումը տարածվել է նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Ես կարծում եմ՝ փառատոնի ազդեցությունն այս տարի ակնհայտորեն մեծ է»,- նշեց ինստիտուտի տնօրենը։

«Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը մեկնարկել է մարտի 10-ին եւ կտեւի մինչեւ մարտի 28-ը: Փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։
Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծինի վանքը:





























