Շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճած Հայաստանի հավաքականն այսօր, հուլիսի 29-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում ոչ լրիվ կազմով հանդիպեց լրագրողների հետ: Թիմի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը Հայաստանում չեն: Ասուլիսին մասնակցում էին հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, խաղացողներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հայտարարեց, որ այս տարվա առաջնությունը կազմով ամենաուժեղն էր պատմության մեջ: Վարկանիշով առաջատար հավաքականների տասնյակից 9 ուժեղագույնները մասնակցում էին: Շատ ծանր ու դժվար մրցում է ստացվել, շատ թեժ պայքար: Մեկնարկային առաջին վարկանիշն ունեցող Ռուսաստանի նման ուժեղագույն հավաքականը երեք պարտություն կրեց, Հայաստանը` ոչ մի պարտություն: Երկրորդ վարկանիշն ունեցող Ադրբեջանը գրավեց միայն 7-րդ տեղը: Հայաստանի վարկանիշը 6-րդն է, սակայն թիմային ոգին թույլ տվեց դառնալ աշխարհի չեմպիոն:
Արշակ Պետրոսյանի խոսքով, Հայաստանի հավաքականն արդեն 20 տարի կազմավորված է: Փոխվում են անդամները, բայց թիմային ոգին մնում է: «Թիմում ընտանեկան մթնոլորտ է, ինչը շատ կարեւոր է թիմային մրցումների համար: Բոլորն աջակցում են իրար, շախմատիստները վերլուծություններով են կիսվում»:
Արշակ Պետրոսյանը բարձր գնահատեց թիմի նորեկ Սերգեյ Մովսիսյանի ներդրումը: Սլովակիայի ուժեղագույն շախմատիստն ընդունեց Հայաստանի հավաքականի հրավերը եւ հենց առաջին տարում նվաճեց նման խոշոր թիմային տիտղոս:
Գլխավոր մարզիչը կարեւորեց Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հոգատար վերաբերմունքը: Պետրոսյանի խոսքով կառավարական աջակցությունը մեծ նշանակություն ունի: Հարցեր կան, որոնք շատ արագ լուծվում են:
Հայաստանում շախմատի բուռն զարգացումը Արշակ Պետրոսյանը պայմանավորեց Տիգրան Պետրոսյանի չեմպիոնական տիտղոսի հետ եւ վստահություն հայտնեց, որ այս թիմային հաղթանակները եւս կխրախուսեն մեր երկրում շախմատի հետագա զարգացումը:
«Շախմատը զարգացնում է տրամաբանությունը: Դպրոցական ծրագրում շախմատի ընդգրկումը շատ դրական քայլ կլինի: Այլ երկրները նույնպես ցանկանում են շախմատն դարձնել պարտադիր առարկա, բայց շատ բարդ է»,-ավելացրեց Պետրոսյանը:
Գաբրիել Սարգսյանը հայտարարեց, որ վատ մարզավիճակում էր գտնվում եւ շատ ծանր մրցաշար ստացվեց իմ համար: Բայց եղան նաեւ կարեւոր հանդիպումներ, որոնք հաջողությամբ ավարտվեցին, հատկապես Չինաստանի հետ մրցամարտում: Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճելուն Գաբրիել Սարգսյանը հավատացել է արդեն 5-րդ տուրից հետո:
Վլադիմիր Հակոբյանը հայտարարեց, որ Համաշխարհային Օլիմպիադայում երկու անընդմեջ հաղթանակներից հետո մյուս հաղթանակները, նույնիսկ աշխարհի թիմային առաջնություն տարած առաջին հաղթանակն արդեն հանգիստ են ընդունում:
Վլադիմիր Հակոբյանն անդրադարձավ նաեւ նախավերջին տուրում Ադրբեջանի հետ մրցամարտին: Ռաուֆ Մամեդովի նկատմամբ տարած հաղթանակը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից: Հակոբյանը նշեց, որ պարտիայի ավարտից արդեն մոտ 20 քայլ առաջ հստակ էր, որ Մամեդովը պարտվելու է եւ անհատական մրցաշարում Մամեդովը վաղուց հանձնված կլիներ, սակայն թիմային մրցաշարում նրան կմեղադրեին մինչեւ վերջ չպայքարելու համար:
Թիմի նորեկ, Հայաստանի գործող չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այժմ Հայաստանում շատ տաղանդավոր պատանի շախմատիստներ կան, որոնք հետագայում կկարողանան պատվով համալրել թիմը:
Առաջին անգամ նման կարեւոր մրցաշարում թիմի հետ է եղել ֆիզպատրաստականության պատասխանատու, բժիշկ Արմեն Աղուզումցյանը: Շախմատիստների հավաստմամբ, նա եւս զգալի ներդրում ունի թիմի հաղթանակի մեջ: Նա արել է հնարավորը նման երկար ու դժվար մրցաշարի ընթացքում բժշկական եւ մարզավիճակի հարցերով ամեն վայրկյան աջակցություն տրամադրելու հարցում: Բժիշկը թիմի հետ է եղել հենց Դիլիջանի ուսումնամարզական հավաքից, որը նախորդեց աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի մյուս կարեւոր մրցաշարը կլինի նոյեմբերի 2-ից Հունաստանում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությունը: Արշակ Պետրոսյանն ընդունեց, որ գոյություն ունի երկրորդ հավաքական կազմ ունենալու հարցադրում, սակայն երկրի պատվի հետ խաղալ չի կարելի, եւ ճիշտ չի լինի, եթե թույլ թիմը գնա եւ գրավի օրինակ` 15-րդ տեղը:
«Թիմը պետք է աստիճանաբար համալրվի: Կարեւորը, որ երիտասարդը ուժեղ գա, ոչ թե թիմում պատրաստվի եւ ուժեղանա»,- նշեց Պետրոսյանը:
Եվրոպայի առաջնությունում հիմնական մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը, որոնք շատ ուժեղ հավաքականներ են եւ աշխարհի առաջնությունում կրած անհաջողությունից հետո նրանք հիմա շատ ուժեղ մոտիվացիա ունեն:




























