Կիրակի օրը Ավստրալիան հայտարարել է, որ չինական կործանիչը վտանգավոր պտույտներ է կատարել՝ սպառնալով իր ծովային հետախուզության ինքնաթիռներից մեկի անվտանգությանը Հարավչինական ծովում, տեղեկացրել է AP-ը։

Մայիսի 26-ին միջազգային օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Չինաստանի ՌՕՈւ J-16 կործանիչը սպառնացել է ծովային հետախուզության P-8A Poseidon ինքնաթիռի անվտանգությանը, որը սովորական պարեկում էր իրականացնում, նշվել է պաշտպանության նախարարության կայքի հայտարարությունում։ Կատարվել է «վտանգավոր» մանեւր, որը ստեղծել է «սպառնալիք P-8-ի եւ նրա անձնակազմի անվտանգության համար», ասել են նախարարությունում։ Ավստրալիայի կառավարությունը անհանգստություն է հայտնել Չինաստանի կառավարությանը միջադեպի առիթով, ավելացրել են նախարարությունում։

Նման միջադեպեր առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում։ Ամերիկյան EP-3 դիտորդական ինքնաթիռի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռի բախումը 2001թ. ապրիլին հանգեցրել էր չինացի օդաչուի մահվան, Չինաստանը 10 օր պահել էր ամերիկյան ինքնաթիռի անձնակազմին։

Փետրվարին Ավստրալիան հայտարարել էր, որ Չինաստանի ՌԾՈւ նավը լազերով կրակել է նրա P-8A Poseidon ինքնաթիռներից մեկին Ավստրալիայի հյուսիսային մատույցների մոտ թռիչքի ժամանակ եւ սպառնալիքի տակ դրել անձնակազմի անվտանգությունը։

Ավստրալիան եւ այլ երկրներ բազմիցս փորձել են արգելափակել չինական ներթափանցումը Խաղաղ օվկիանոսի հարավային մաս, ներառյալ Պեկինի կողմից Սողոմոնյան կղզիների հետ անվտանգության համաձայնագրի ստորագրումը, որը, ինչպես նշվել է, կարող է հանգեցնել զորքերի եւ նավերի տեղակայման արշիպելագում, որը մոտ 2 000 կիլոմետր է հեռու Ավստրալիայի ափերից։