ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշն ասել է, որ, ի պատասխան Ուկրաինայի պատերազմի, հարուստ երկրները վառելիքի արտահանման ոլորտում վտանգավոր թռիչք են կատարել եւ զգուշացրել, որ ածուխի, նավթի եւ գազի նոր ներդրումները «անհեթեթություն» են՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա:

«Ուկրաինայի պատերազմի հետեւանքով սրված էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է խոշոր տնտեսությունների կողմից հանածո վառելիքի սպառման կրկնապատկման», - ասել է Անտոնիո Գուտերեշը Ավստրիայի կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի իր տեսաուղերձում՝ նշելով, որ հանածո վառելիքի հետազոտման եւ արտադրության նոր ֆինանսավորումը պատրանքային է ու սրելու է աղտոտվածության եւ կլիմայի փոփոխության գլոբալ խնդիրները։

Գիտնականները նշում են, որ, կլիմայի փոփոխության վատթարագույն հետեւանքներից խուսափելու համար, ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները պետք է երկու անգամ կրճատվեն մինչեւ 2030 եւ զրոյացվեն մինչեւ 2050 թվականը:

Էներգետիկայի միջազգային գործակալությունը, իր հերթին, կոչ է արել դադարեցնել նավթի, գազի եւ ածխի նոր նախագծերը՝ կլիմայի հարցում դրված գլոբալ նպատակներին հասնելու համար, եւ նշել է, որ մինչեւ 2030 թվականը վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները պետք է եռապատկվեն:

«Եթե անցյալում մենք մեծ ներդրումներ անեինք վերականգնվող էներգիայի մեջ, ապա այժմ այդքան կախված չէինք հանածո վառելիքի շուկաների անկայունությունից», - ասել է Գուտերեշը ՝ նշելով, որ նավթի եւ գազի գների աճը հանգեցրել է էներգիայի ծախսերի բարձրացմանն ամբողջ աշխարհում: