Սպասվում է, որ հունիսի 17-ին Եվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի ԵՄ բլոկին անդամակցելու պաշտոնական թեկնածու դառնալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին ու պաշտոնյաներին։

Բայց ԵՄ 27 առաջնորդների համար, ովքեր պատրաստվում են ստորագրել Եվրահանձնաժողովի հանձնարարականը հունիսի 23-24-ի գագաթնաժողովին, դա կարող է ցավալի փոխհատուցում լինել դաշինքի ավելի լայն «ընդլայնման» քաղաքականության ձախողման դիմաց:

Թեկնածու կարգավիճակը «ճիշտ որոշում է բարոյականության, տնտեսության եւ անվտանգության տեսանկյունից», - ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը չորեքշաբթի Ռումինիայի ռազմաբազայում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։

Մակրոնը, Յոհանիսը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կարող են հինգշաբթի Կիեւ այցելել:

«Պատերազմից առաջ դուք արեւելաեվրոպական մի քանի անդամ ունեիք, ովքեր խոսում էին Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի եվրոպական ճանապարհով գնալու հնարավորության մասին, բայց կային մեծ խաղացողներ, որոնք միշտ կտրականապես դեմ էին,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:- Այժմ փիլիսոփայությունը փոխվել է»:

Բայց քանի որ Մոլդովան եւ Վրաստանը եւս կարող են անդամակցել ԵՄ-ին, եթե կատարեն որոշակի պայմաններ, հունիսին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովը բարձրաձայն հիշեցում կլինի առ այն, որ ԵՄ երկրները չեն կարող համաձայնության գալ այլ պաշտոնական թեկնածուների՝ Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի եւ Թուրքիայի անդամակցության շուրջ:

Հինգ դիվանագետների եւ պաշտոնյաների խոսքով՝ Ուկրաինայի թեկնածության ամրագրումը կարող է անդամակցության անիրատեսական ակնկալիքների հանգեցնել պատերազմի եւ համատարած կոռուպցիայի մեջ գտնվող երկրի համար:

Նրանք նաեւ ասել են, որ դա հակասություններ է առաջացրել այն ժամանակ, երբ դաշինքը միասնության է ձգտում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով: Արեւելյան երկրները վճռականորեն աջակցում են Կիեւին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, սակայն Ֆրանսիան, Նիդեռլանդները, Դանիան, Բելգիան եւ Պորտուգալիան մտավախություններ ունեն:

Երկու դիվանագիտական ​​նոտաները, որոնց ծանոթացել է Reuters-ը, վկայում են տարաձայնությունների մասին:

Դանիական փաստաթղթում ասվում է, որ «Ուկրաինան դեռ բավարար չափով չի համապատասխանում չափանիշներին»՝ ԵՄ թեկնածու դառնալու համար ժողովրդավարության, մարդու իրավունքների, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի եւ օրենքի գերակայության տեսանկյունից: Լիտվական փաստաթղթում ասվում է. «Պաշտպանելով իրենց երկիրը՝ ուկրաինացիները պաշտպանում են եվրոպական արժեքները, ազատությունն ու ժողովրդավարությունը»։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Դանիան եւ մյուս երկրներն Ուկրաինային մոտ 25 պայման են առաջադրել, թեեւ դրանք իրավականորեն պարտավորեցնող ԵՄ չափանիշներ չեն:

Ֆրանսիան, Նիդեռլանդները եւ Դանիան եւս հայտարարում են, որ եթե ԵՄ-ն, որն առանց այդ էլ դանդաղում է որոշումներ կայացնելիս, չբարեփոխվի, կդադարի գործել, եթե կազմակերպությանը նոր պետություններ անդամակցեն:

Ֆրանսիան ընդլայնման հարցում այլ մոտեցում է առաջարկել. «բարեկամների շրջանակ»՝ պետությունների հետ համագործակցությունը խորացնելու համար, որոնք ի վերջո կարող են անդամ ԵՄ դառնալ։ Այն կարող է նաեւ ուժեղացնել ԵՄ-ի դերը՝ որպես ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ուժ։

Փարիզն իր առաջարկը տարածել է ԵՄ երկրների շրջանում։ Ֆրանսիացի պաշտոնյաները պնդում են, որ դա անդամակցության այլընտրանք չէ, եւ Փարիզը առաջ է տանում այդ գաղափարի արեւելյան եւ բալթյան երկրներում:

«Իրականությունն այն է, որ պատերազմը նշանակում է, որ բոլոր երկրներին կարող է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցություն անհրաժեշտ լինել, քանի որ այժմ նրանց մեծ խնդիրներ են մտահոգում»,- ասել է դիվանագետը: