Ուկրաինային 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը հաուբիցների, զինամթերքի եւ «Հարփուն» առափնյա պաշտպանության համակարգերի մատակարարում է ներառում:
«Միացյալ Նահանգները Բայդենի վարչակազմի իշխանության գալուց ի վեր մոտ 6.3 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ մոտ 5.6 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի չհրահրված ներխուժումից հետո»,- ասվում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջ. Թոդ Բրեսեյլի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն 18 լրացուցիչ հաուբից՝ դրանք տեղափոխելու համար մարտավարական մեքենաներով, 155 մմ տրամաչափի 36000 հաուբիցային զինամթերք, պահեստամասեր եւ հրետանու համար այլ սարքավորումներ է ուղարկում։
Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) 650 միլիոն դոլարի օգնության փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ն ափամերձ պաշտպանության երկու Harpoon համակարգ է ուղարկում, ինչպես նաեւ՝ հազարավոր «պաշտպանված ռադիոկայաններ», գիշերային տեսողության հազարավոր ակնոցներ եւ «այլ օպտիկա»։
USAI-ի փաթեթը նաեւ «վերապատրաստման, պահպանման, աջակցության, տրանսպորտի եւ ասմինիստրատիվ ծախսերի» ֆինանսավորում է ներառում:





























