Նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները: Անկախ փորձագետների եւ պաշտոնյաների տեսակետներն այս հարցում տարբերվում են միայն մասշտաբների առումով: Սակայն ավելի հաճախ հիշատակվում է երկրի տնտեսությունում մոտ 40% «ստվերի» մասին: Չեն համընկնում նաեւ կարծիքները, թե որտեղ է այն ավելի շատ` խոշոր, թե փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում:
Հայաստանում Համաշխարհային բանկի նախկին ներկայացուցիչը հեռանալուց առաջ մշուշոտ արտահայտվեց, թե «ստվեր» է առկա նաեւ հանքարդյունաբերության ոլորտում: Այդպես է, թե ոչ, մնում է կռահել... Եթե «ստվերի» խնդիրը դիտարկվի վճարված հարկերի տեսանկյունից, հարց է ծագում, թե որքանով են խոշոր հարկատուների եւ այլ` ավելի փոքր տնտեսվարող սուբյեկտների միջեւ համեմատություններն օբյեկտիվ:
Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 232,5 մլրդ դրամ հարկ, ինչը 11,2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետբյուջեի հարկային եկամուտների ծավալում 1000 «խոշորների» մասնաբաժինը աճել է 0,8 տոկոսային կետով` կազմելով 76,2%:
Տողերիս հեղինակը բազմիցս է նշել, որ «խոշորների» ցուցակում ամենեւին էլ հազար ընկերություններ չեն: Միայն մեկ փաստ բերենք. հազար «խոշորների» կողմից վճարված հարկերի կեսն ապահովել է ընդամենը...48 ընկերություն: Այս ցուցանիշն առաձին մեկնաբանության կարիք չունի, ամեն ինչ առանց դրա էլ է պարզ:
Ավելացնենք, որ երկու ընկերություն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Հայռուսգազարդը, ապահովել են առաջին եռամսյակում «խոշորների» կողմից վճարված ողջ գումարի 12,0%-ը: Խրախուսելի ռեկորդ է իհարկե, բայց այն ստիպում է մտածել մեր տնտեսության կոնցենտրացիայի, եւ փոքր ու միջին բիզնեսի հարաբերական թուլության մասին:
Հետաքրքիր է դիտարկել նաեւ հարկերի եւ մաքսատուրքերի հարաբերակցությունը: Անցած տարվա առաջին կիսամյակում հարկային աշխատկիցները հավաքել էին «խոշորների» կողմից վճարված ողջ հարկերի 51,7%-ը, մնացած 48,3%-ը մաքսային վճարներն էին:
Այս տարվա առաջին կիսամյակում 1000 «խոշորների» կողմից կատարված վճարումների կառուցվածքում մաքստուրքերի մասը նկատելի` 4,3 տոկոսային կետով նվազել է` կազմելով 44,0%: Որոշակի առումով սա կարելի է գնահատել որպես դրական երեւույթ: Գաղտնիք չէ, որ հաճախ մաքսայինները չափն անցնում են, հատկապես ԱԱՀ-ի մասով, իսկ հետո ստիպված են լինում պետբյուջեից վերադարձնել ընկերությունների պարտքերը:
Դրական կարելի է գնահատել 1000 «խոշորների» կողմից վճարված ընդհանուր հարկերի ծավալում ուղիղ հարկատեսակների տեսակարար կշռի` 4,8 տոկոսային կետով աճը: Սակայն ուղիղ եւ անուղղակի (ԱԱՀ, ակցիազային հարկ) հարկատեսակների հարաբերակցությունն առայժմ կոնտրաստային է մնում` 28,1%` 55,8%-ի դիմաց: Հիշեցնենք, որ տնտեսագիտության մեջ ընդունված է, որ ուղիղ հարկերը վճարում են առեւտրային ընկերությունները, իսկ անուղղակիները` ապրանքների եւ ծառայությունների վերջնական սպառողները: Այնպես որ, այդ ոլորտում պատկերն արտացոլում է մեր հարկային իրականությունը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային եկամուտները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 27,6 մլրդ դրամով: 1000 «խոշորների» վճարած հարկերի ծավալը բացարձակ թվերով աճել է 23,3 մլրդ դրամով: Այսպիսով, պետբյուջեի եկամուտների բացարձակ աճի 84% -ն ապահովել են խոշոր ընկերությունները:
Ալբերտ Խաչատրյան




























