Օգոտոսի 9-ի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստները քաղբանտարկյալներ են եւ կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն նրանք մինչեւ երկխոսության հաջորդ ռաունդը՝ այսինքն մինչեւ վաղը, ըստ այդմ էլ կորոշվի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը։
Օգոստոսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ «Այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալնավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը տասը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակությունություն կմտցնի առավոտյան»,- նշեց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:
Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:
Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ:




























