Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքը կգտնվի հարավ-արեւմտյան արեւադարձային տաք օդային զանգվածների ազդեցության ներքո, ինչով պայմանավորված Հայաստանի գրեթե ողջ տարածքում կգրանցվի առանց տեղումների եղանակ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Տեղումներ կգրանցվեն բացառապես հյուսիսային երեք՝ Լոռիի, Տավուշի եւ Շիրակի մարզերում, որտեղ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ»,- նշեց նա։
Սուրենյանի տեղեկացմամբ, ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 2-4 աստիճանով, եւ ջերմային նման ֆոնն առաջիկա երեք օրերին էական փոփոխություններ չի կրի։ «Արարատյան դաշտում եւ Երեւանում ջերմաստիճանը կտատանվի +18 +21-ի, ցերեկը՝ +34 +36 աստիճանի սահմաններում։ Երեկոյան կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ամփոփեց օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետը։




























