Իշխանություն-ընդդիմություն երկխոսության ընթացքում վերջնագրերի տարբերակով հայտարարություններ անելն ուղղակի անընդունելի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կոալիցիայի՝ Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցող աշխատանքային  խմբի ներկայացուցիչ, ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը՝ անդրադառնալով ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի այն հայտարարությանը, համաձայն որի իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակահարմարությունը կախված է օգոստոսի 9-ից կալանքի տակ գտնվող ՀԱԿ մի քանի ակտիվիստների հետագա կարգավիճակից։

Շահգելդյանի խոսքով, կոալիցիան շահագրգիռ է «օբյեկտիվության մեջ եւ համարում է, որ վերջնագրերի տեսքով հայտարարություններ անելն ուղղակի անընդունելի է»։

Նշենք, որ օգոստոսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը օգոտոսի 9-ի հայտնի միջադեպի արդյունքում կալանավորված Հայ ազգային կոնգրեսի երեք երիտասարդ ակտիվիստներին որակել էր որպես  քաղբանտարկյալներ են եւ նշել, որ կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն նրանք մինչեւ երկխոսության հաջորդ ռաունդը՝ այսինքն մինչեւ օգոստոսի 16-ը, ըստ այդմ էլ կորոշվի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը։

«Այս փաստը շատ մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Բայց դեռեւս 24 ժամ ժամանակ կա, եւ կախված նրանից, թե մինչև վաղը ինչպիսին կլինի կալնավորվածների կարգավիճակը, մենք համապատասխան որոշում կկայացնենք: Վաղը մինչեւ ժամը 10-ը ժամանակ ունենք, և Կոնգրեսն իր գործողություններում հստակությունություն կմտցնի առավոտյան»,- նշել էր Մուսինյանը։