Հարավային Օսիայի պետանվտանգության երկու աշխատակիցների (նրանցից մեկը հանրապետության նախագահի զարմիկն էր) սպանության մեջ մեղադրվում է Հյուսիսային Օսիայի բնակիչը:
Այդ մասին հաղորդվում է ՌԴ Հյուսիսային Օսիայի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 20-ին Վլադիկավկազի «Ռետրո» գիշերային ակումբում:
ՆԳՆ տվյալներով, նույն օրն առավոտյան ոստիականություն էր եկել մի անձնավորություն եւ խոստովանել իր հանցանքը: Հայտնի է, որ նա Վլադիկավկազի 35-ամյա բնակիչ է:
Հաղորդվում էր, որ սպանության կասկածյալն է բռնցքամարտիկ Ալբերտ Ցզգոեւը:
Նա վիճաբանություն էր ունեցել հարավօսական պետանվտանգության երկու աշխատակիցների` 32-ամյա Օլեգ Իկաեւի եւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի զարմիկ Ալիմ Կաբուլովի հետ: Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, Ցզգոեւը ծեծել էր աշխատակիցներին, իսկ հետո կրակել նրանց վրա:




























