Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովն այսօր` օգոստոսի 16-ին արտահերթ նստաշրջան է գումարել:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 15-ին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման թեման Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան հրավիրելու խնդիրն էր՝ «ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նրանց իսկ առաջարկած օրակարգով։
Այդ կապակցությամբ տեղի էր ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննության են առնվել առաջարկվող փոփոխությունների իրավական հիմքերը, համապատասխանությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջներին ու միջազգային նորմերին, կարեւորությունն ու հրատապությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում, տրվել էին համապատասխան հանձնարարականներ։
Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով՝ խորհրդարանի նախագահը ստորագրել էր որոշում ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին։




























