Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսությունը նման է կույրի եւ խուլի խոսակցության։ Օգոստոսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ ավելացնելով, որ տվյալ դեպքում կույրը լսում է խուլի բողոքները, սակայն չի տեսնում իրական պատկերը, իսկ խուլը տեսնում է ամեն ինչ, սակայն չի լսում կույրի փաստարկները։
«Երկխոսությունը ոչ մի բանի չի բերի։ Սեպտեմբերին կրկին կբարձրանա հանրահավաքների ալիքը, հետո կգա Նոր Տարին, մարդկանց ուշադրությունը կշեղվի տոների ուղղությամբ, իսկ ընտրությունները սարերի հետեւում չեն»,- ասաց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի բացառվում են։
Խոսելով հերթական խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ադիվբեկյանը ներկայացրեց սոցիոլոգիական հարցումներ տվյալները, համաձայն որոնց Հայաստանի հասուն բնակչության ավելի քան 60 տոկոսը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ «Այդ մարդկանց 35 տոկոսը հաստատ է իր որոշման մեջ՝ ձայն տալ այս կամ այն թեկնածուին, մնացածներն անվստահ են»,- ասաց նա։ Նրա խոսքով, հայաստանցի ընտրողների զգալի մասը պատրաստ է նյութական բարեկեցության կամ լավ կարիերա անելու դիմաց ուղղակի վաճառել իր ձայնը։
Մասնագետի խոսքով, Հայաստանի առավել ուժեղ քաղաքական ուժերն են Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները։ Նրանց հետեւում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»։




























