Աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ կամ Երկրագնդի բնակչության շուրջ 30 տոկոսը տառապում է ճարպակալումից։ Օգոստոսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

Նա թեպետ դժվարացավ նշել, թե ինչ վիակագրություն կա այս առումով Հայաստանում, սակայն ընդգծեց, որ վերջին շրջանում ճարպակալման եւ դրանից բխող հիվանդություների հետեւանքով իրեն դիմող մարդկանց թիվը բավական աճել է։

Անդրադառնալով ճարպակալման պատճառներին՝ մասնագետը նկատեց, որ դրանք բազմազան են՝ սկսած ոչ ճիշտ սնվելուց, վերջացրած ընդունած եւ ծախսած կալորիաների քանակի անհավասարակշռությունից՝ միաժամանակ խորհուրդ տալով խնդիրներից խուսափելու համար սնվել օրական 3-4 անգամ՝ քիչ քանակությամբ։

Բամինե Բաղրամյանը տեղեկացրեց նաեւ, որ յուրաքանչյուր ոք, ըստ մարմնի զանգվածի ինդեքսի հաշվարկի, ինքը կարող է իմանալ՝ սպառնո՞ւմ է իրեն ճարպակալում, թե ոչ։ «Դա անելու համար անհրաժեշտ է մարմնի քաշը՝ արտահայտված կիլոգրամներով, բաժանել հասակի թվի վրա եւ քառակուսի բարձրացնել»,- բացատրեց նա՝ հավելելով, որ եթե մարմնի զանգվածի ինդեքսի թիվը 18-25 միջակայքում է, ապա մարդն անհանգստանալու կարիք չունի, եթե 25-28-ի սահմանում, ապա պետք է զգուշանալ հնարավոր ճարպակալումից եւ այլն։

Ամփոփելով՝ էնդոկրինոլոգը նշեց, որ ճարպակալումն առաջին հերթին ազդում է սիրտ-անոթային համակարգի, ողնաշարի վրա, ինչպես նաեւ պատճառ հանդիսանում շաքարային դիաբետի։

Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանն իր հերթին ավելացրեց, որ ճարպակալումը հոգեբանական ծանր ապրումներ է պատճառում հատկապես դեռահասներին, ովքեր դրա պատճառով հաճախ անվստահ եւ անհաղորդ ե դառնում։

Ճարպակալման հակում ունեցող երեխաների ծնողներին նա խորհուրդ տվեց օգտագործել կապույտ գույնի սպասք, որը, նրա խոսքով, դեռահասների մոտ զգալիորեն փակում է ախորժակը։