Երեւանի «Սբ. Աստվածածին» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստի առիթով նշանակվել է համալիր փորձաքննություն, որը դեռեւս չի ավարտվել եւ, հետեւաբար, չկան արդյունքներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունում:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է սկանդալային միջադեպին, երբ հիվանդանոցում «շփոթել են» երկու տղաների եւ քիչ է մնացել, որ հիվանդի փոխարեն վիրահատեն առողջ երեխային: Փաստի առիթող հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով (բժիշկների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ):
Մայիսի 3-ին բժիշկները 8 տարեկան Գեւորգ Մովսիսյանի փոխարեն փորձել են վիրահատել 4-ամյա Նարեկ Դարբինյանին, մինչդեռ նա ընդամենը պետք է ենթարկվեր թոքերի ռենտգենի: Երեխայի ծնողները մի քանի րոպե անց են հասկացել, որ երեխան սխալ սենյակ է տարվել եւ բարձրացված աղմուկից հետո դադարեցվել է նրա վիրահատությունը: Բ/կ-ի տնօրենի խոսքով` բժիշկներն այդ ընթացքում հասցրել են ընդամենը երեք սանտիմետրանոց կտրվածք անել երեխայի աճուկային շրջանում, ինչից հետո ստիպված են եղել կարել բացվածքը: Այնինչ իրականում, բժիշկները երեխային նկատմամբ վիրահատական միջամտություն են կատարել, Նարեկ Դարբինյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Այս դեպքից հետո Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում աշխատանքից ազատվել են մի քանի բժիշկների` իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:
Բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին: Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ եւ Ա. Հարությունյանին որպես բուժքույր: Սակայն զարմանալի է, որ երեք ամիս անց այդպես էլ չեն պարզվել միջադեպի մեղավորները:




























