Օգոստոսի 14-ին`ժամը 10.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս կայարան թաղամասում` նախկին փայտամշակման գործարանի տարածքում, երկաթբետոնե պանելի տակ կա դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տեղում պարզել են, որ երկաթբետոնե կառուցատարրերի ապամոնտաժման ժամանակ մոտ 7 մետր բարձրությամբ երկաթբետոնե սյունը շրջվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Մելքոնյանի վրա, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարների ուժերով Ա.Մելքոնյանի դին դուրս է բերվել եւ հանձնվել Մասիս քաղաքի շտապօգնության աշխատակիցներին:




























