Սեպտեմբերի 1-ին ընդառաջ NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչ արժե սեպտեմբերմեկյան նախապատրաստությունները ծնողների համար:

Հանգստից վերադառնալուց հետո ընտանիքները սովորաբար ձեռնամուխ են լինում հատկապես դպրոցահասակ երեխաների սեպտեմբերի 1-ին նախապատրաստվելուն` գնելով գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկ եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Մեր հարցումները խանութների եւ ծնողների շրջանում ցույց են տալիս, որ ծնողների համար այս հաճելի ծախսերը բավականին թանկ են:

31-ամյա Արտակի դուստրը այս տարի առաջին անգամ դպրոց է գնալու: Ծնողները լրջորեն նախապատ8աստվել են եւ գնել բոլոր անհրաժեշտ իրերը: Արտակը դստեր սեպտեմբերմեկյան գնումների համար ծախսել է 70-80 հազար դրամ: «Աշխատել եմ գնել ոչ շատ թանկ իրեր, նորմալ գրենական պիտույքներ եմ գնել, որակյալ, որ երեխան կարողանա օգտագործել, եւ միայն գրենական պիտույքները արժեցել են 25 հազար դրամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակը` հավելելով, որ երեխայի համար գնել է ամառային, աշնանային եւ ձմեռային հագուստ` սեւ-սպիտակ շրջազգեստ եւ վերնաշապիկներ, կոշիկներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ:

Իսկ Ասլանյանների ընտանիքում 4 երեխա կա, 3-ը` ուսանող, 1-ը` դպրոցական: Այս տարվա սեպտեմբերի 1-ի գնումները նրանք դեռ չեն կատարել: Ընտանիքի համար սեպտեմբերի 1-ը շատ ծախսատար է, մի կերպ են հասցնում բոլոր գնումները կատարել: Ամեն ուսանողի համար սեպտեմբերի 1-ի ծախսերը ծնողների վրա արժենում է 100-հազարական դրամ, իսկ դպրոցական երեխայի միայն գրենականները` 30 հազար դրամ, հագուստը` 40 հազար դրամ: «Մենք գնում ենք սովորական իրեր, ոչ մի ավելորդ շքեղություն, ոչ մի բրենդ, բայց չորս երեխայի սեպտեմբերի մեկը ընտանիքի վրա արժենում է 400 հազար դրամ, ամեն ինչ շատ թանկ է եւ օրեցօր ավելի է թանկանում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիաննա Ասլանյանը:

Այսպես, NEWS.am-ը զանգահարեց գրենական պիտույքների մի քանի խանութներ` ճշտելու գները: Թե ինչ ֆիրմայի գրենականներ եւ ինչքան կգնի ծնողը իր երեխայի համար, բնականաբար, կախված է ծնողի գրպանից եւ ցանկությունից: Գրենական պիտույքների խանութներից` «Կարանադաշ», «Մարկեր», «Փեն բոք», «Կանցլեր», NEWS.am-ին հայտնեցին, որ նվազագույնը պետք է նախատեսել 7-ից 30 հազար դրամ, բայց, իհարկե, դա խիստ անհատական է, որովհետեւ մեկը` 20 հազարանոց պայուսակ է գնում, մյուսը` 3 հազարանոց եւ այդպես շարունակ: Իսկ թե տարեցտարի համատարած գնաճի պարագայում գրենական պիտույքների գները ինչքանով են բարձրացել, «Փեն բոքս» խանութի աշխատակիցը նշեց, որ գրենական պիտույքների դեպքում եւս գնաճ է նկատվում, օրինակ` ֆայլերի մեկ տուփը նախկին 1000 դրամից դարձել է 1500 դրամ եւ այդպես շարունակ: «Մարկեր» խանութից հայտնեցին, որ իրենց մոտ գրենական պիտույքների գների բարձրացումը կապված է դոլարի փոխարժեքի տատանումների հետ, բայց դա չնչին է լինում: «Կարանդաշ» եւ «Կանցլեր» խանութներից հայտնեցին, որ գրենական պիտույքների գները գրեթե նույնն են մնացել եւ չեն բարձրացել:

Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գրենական պիտույքների գները 2010թ համեմատ` 2011թ հուլիսի դրությամբ աճել է 1,7 տոկոսով: Մասնավորապես` տետրի դեպքում գնաճը կազմել է մոտ 6,9 տոկոս, մատիտի դեպքում` 5,2 տոկոս, գրիչի դեպքում` 0,5 տոկոս, քանոնի դեպքում` 3,8 տոկոս եւ այլն: Ինչ վերաբերում է հագուստի եւ կոշկեղենի գներին,ապա գաղտնիք չէ նաեւ, որ դրանք եւս մատչելի չեն, ավելին` օրեցօր թանկանում են` պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Ազգային վիաճակագրական ծառայության տվայլներով` 2010թ համեմատ` 2011թ հուլիսի դրությամբ մանկական հագուստի գները բարձրացել են 1,3 տոկոսով,  մանկական կոշիկինը` 7,3 տոկոսով եւ այլն: Հավելենք, որ  «Կրթության մասին» ՀՀ օրենքը չի պարտադրում աշակերտին որևէ հատուկ հագուստով գնալ դպրոց: Սակայն ներկայումս Երեւանում քիչ չեն դպրոցները, որտեղ աշակերտները հագնում են միանման համազգեստ: «Այդ դպրոցները համազգեստի խնդիր լուծում են իրենց կառավարման եւ ծնողական խորհուրդների համատեղ համաձայնությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ իրենք չունեն տվյալներ, թե քանի դպրոցում են համազգեստ կրում:

Այսպիսով` դպրոցի ճամփան ոչ միայն դժվար է, երկար շատերի համար, այլեւ թանկ է եւ շատ թանկ բոլորի համար:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը