Սան Ֆրանցիսկոյում  սեպտեմբերի 15-ից հեկտեմբերի 9 -ը տեղի կունենա դերասան եւ դրամատուրգ Ադրիանա Սեւան Նիկոլսի «Գիշերը Երզնկայի վրա» պիեսի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է The Armenian Reporter-ը: Սեւան Նիկոլսը  «Middle East America: a National New Plays Initiative» հեղինակավոր նախաձեռնության առաջին մրցանակակիրն է: Նախաձեռնությունն ստեղծվել եւ կառավարվում է երեք ազգային կազմակերպությունների` «Golden Thread Productions»-ի (Սան Ֆրանցիսկոյի ծովածոց), «Lark Play Development Center»-ի (Նյու Յորք) եւ «Silk Road Theatre Project»-ի (Չիկագո) կողմից:

«Գիշերը Երզնկայի վրա»-ն պատմություն է ԱՄՆ-ում փախստականների կյանքի եւ մարդկային ոգու արիության մասին:  Հիմնական հերոսները` Արտավազդն ու Ալիսան, Հայոց ցեղասպանությունից հետո նոր կյանք են կառուցում ԱՄՆ-ում, սակայն անցյալը նրանց տարբեր կերպ հետապնդում է: 

Էպոպեան ընդգրկում է երկու մայրցամաք եւ երեք սերունդ` 1913 թ. Արեւմտյան Հայաստանից մինչեւ 1930-ականների Մասաչուսեթս եւ 1960-ակաների Նյու Յորք:

«Golden Thread Productions»-ի գեղարվեստական ղեկավար Թորանջ Եղիազարյանն ասել է. «Սա համարձակ պիես է, որը միավորում է հայկական եւ լատինամերիկյան համայնքները: Ադրիանայի եզակի ձայնն ու հարուստ լեզուն նոր հավելում  են ամերիկյան թատրոնի ուղղության համար, եւ Golden Thread» -ը հպարտ է, որ  ներկայացնելու է այդ կարեւոր պիեսը հանդիսատեսին»:

Պիեսի երաժշտական ձեւավորման հեղինակը բուլղարացի կոմպոզիտոր Պենկա Կունեվան է, ռեժիսորը` Հաֆիզ Քարմալին: