ԱՄՆ պետքարտուղարությունը Իսրայելին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հաղթահարել ճգնաժամը եւ Թուրքիայից ներողություն խնդրել Mavi Marmara նավի գրոհի արդյունքում զոհված տասը թուրք քաղաքացիների համար։

ԱՄՆ-ը իսրայելցի դիվանագետներին հասկացրել է, որ իսրայելա-թուրքական հարաբերությունների հետագա վատացումը վնասում է Վաշինգթոնի՝ Մերձավոր Արեւելքում ունեցած շահերին։

Այս մասին խոսել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը։ Ինչպես գրում է «Եդիոտ Ախրոնոտը», ԱՄՆ ջանում է ստիպել Իսրայելին ներողություն խնդրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունից, ինչի նպատակով էլ մեծացնում է իսրայելական ղեկավարության վրա ճնշումները։

Իսրայելական կառավարությունը մինչ այժմ ներողության առնչությամբ որոշում չի կայացրել։ Հայտնի է, որ իսրայելական կառավարությունը փոխզիջումային տարբերակներ է փնտրում, մասնավորապես, Թուրքիային զոհվածների համար կրկնակի փոխհատուցում է առաջարկում։