Խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գոնե մեկ գործարարով կպակասի: Թերթի տեղեկություններով` հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, մեծամասնական ընտրակարգով Վեդի քաղաքից պատգամավոր ընտրված Մանվել Ղազարյանը:

Վերջինս չնայած մեծամասնականով ԱԺ անցնելը «բնավորություն եւ սովորություն» էր համարում, այս անգամ ստիպված է հրաժարվել իր «հոբբիից»: 2008-ին ընդդիմության հանրահավաքներում ելույթ ունենալու եւ Տեր-Պետրոսյանին աջակցելու պատճառով նա իշխանության «սեւ ցուցակում» է հայտնվել եւ վերջին երեք տարում լուրջ խնդիրներ է ունեցել: Մի չնախատեսված խնդիր էլ ծագել է իր ազգականներից մեկի պատճառով:

Թերթի տեղեկություններով, նրա քրոջ ամուսինը` Նուբար Կիրակոսյանը, ով դեռ մեկ ամիս առաջ «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի տնօրենն էր, մեղադրվում է յուրացումների մեջ: Նրան արդեն մեկ ամիս է` հեռացրել են աշխատանքից: Մարզում խոսում են, որ Կիրակոսյանը «լեւի» գծեր է տրամադրել որոշ գազալցակայանների եւ վնասներ պատճառել ընկերությանը: Եվ ահա Մանվել Ղազարյանը հանձն է առել ծածկել փեսայի չարաշահումները եւ այդպիսով հարցը փակել: