«Սոցիալական ցանցում «Ֆերմեր» on-line խաղը (Odnoklassniki.ru-խմբ.) խաղալու եւ ինտերնետում այլ անհեթեթություններով զբաղվելու փոխարեն կոչ եմ անում Հայ առաքելական եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին, մարդկանց, ովքեր իրենց հայ եկեղեցու զավակ են համարում, իրենց սոցիալական էջերում եւ բոլոր հասանելի կայքերում եւ ֆորումներում խմբեր ստեղծել եւ հրավերներ ուղարկել մարդկանց` տարածելով տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու մասին»: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած ասուլիսում ասել է Սուրբ Հովհաննես Աստվածածին եկեղեցու սպասավոր Շմավոն Ղեւոնդյանը` պատասխանելով հարցին, թե ինտերնետում, մասնավորապես սոցիալական կայքերում աղանդները բավական ուժեղ քարոզչություն են իրականացնում:
«Հայ առաքելական եկեղեցին ինտերնետում շատ կայքեր ունի, հոգեւորականության որոշ ներկայացուցիչներ սոցիալական կայքում ունեն իրենց էջերը, եւ այդ միջոցով փորձում են պայքարել աղանդների դեմ: Սակայն ինտերնետը տիեզերքի պես հսկայական տարածություն է, որտեղ ինչ էլ անելու լինես, մնում ես անտեսանելի, քանզի յուրաքանչյուր բառիդ ի պատասխան աղանդները երկուսն են ասում»,- հայտնել է քահանան:
Նրա խոսքով, եթե եկեղեցու որդիների սիրտը ցավում է Հայ առաքելական եկեղեցու համար, ապա անհիմն հայտարարություններ անել պետք չէ: «Այսօր եկեղեցին ունի ձեր կարիքը, ուրեմն օգնեք նրան»,- նշել է քահանա Շմավոն Ղեւոնդյանը:


























