Հանքարդյունաբերության ինտենսիվ զարգացումը դեռեւս խնդիրներ չի հարուցել զբոսաշրջության համար, այսօր` օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Որպես ապացույց նա մատնանշեց այն փաստը, որ առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքը ավելացել է 15 տոկոսով, եւ կազմել է 266 հազար մարդ: Տարվա կտրվածքով ակնկալվում է զբոսաշրջային այցելությունների 20 տոկոս աճ:
Նախարարության պաշտոնյային հակադրվեց «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա հիշեցրեց, որ Ջերմուկ առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա շուտով կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը, այն էլ` բաց եղանակով:
Դրանից հետո, բնապահպանի կարծիքով, Ջերմուկը կդադարի հանգստյան գոտի լինելուց, քանի որ զբոսաշրջիկները «հանքեր դիտելու» չեն գնում:




























