«Դիմադրություն» շարժման անդամները քիչ առաջ երթով հասան Կառավարության շենք։ Կառավարության դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։

«Նիկոլ դավաճան, Նիկոլ դավաճան»,– վանկարկեցին շարժման մասնակիցները։

«Այսօր բոլորիս աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը սպանեց հերթական հային, եւ այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք այդ արյունարբուի ձեռքը չենք բռնել»,– հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Պատգամավորը պատմեց, որ մինչ Արմեն Գրիգորյանին տեսակցելու արգելքը, ինքը երկու այլ պատգամավորի հետ հնարավորություն է ունեցել ՔԿՀ–ում այցելել Գրիգորյանին։ Ըստ Մանուկյանի՝ Արմեն Գրիգորյանի տրամադրությունը բարձր էր, իսկ առողջական խնդիրների մասին նա չէր ցանկացել խոսել։

«Արմեն Գրիգորյանը հետաքրքրվում էր, թե դրսում ինչ է կատարվում։ Ասում էր՝ փոխանցեք պայքարի իմ ընկերներին, որ չդադերեցնեն այս պայքարը, որ օր առաջ ազատվեն այս սրիկաներից։ Մենք պարտավոր ենք օր առաջ հեռացնել այս սրիկաներին»,– հայտարարեց պատգամավորը։ 

«Դիմադրություն» շարժման անդամները իրենց ձեռքի «Նիկոլ մարդասպան» գրությամբ պաստառները թողեցին ոստիկանների առաջ, որոնք Կառավարության դիմաց պատ էին կազմել։

Երթը շարունակվեց դեպի Երեւանի Կենտրոնի դատարան։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նա  մայիսի 17-ից գտնվում էր անազատության մեջ։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր. «Շիրակի եւ արարատյան դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել, իսկ սարեցիները՝ Տավուշը, Սյունիքն ու Արցախը, միշտ էլ եղել են իսկական հայ, որովհետեւ արյուն չեն խառնել թուրիք հետ, սրանց կեսը թուրք են, սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել»։