Վայոց Ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավի ճակատագիրը շարունակում է բանավեճի առարկա մնալ բնապահպանների ու կառավարության միջեւ:
Մագելը գտնվում է Նորավանքի կիրճում (Գնիշիկ համայնքի վարչական տարածքում) եւ իրենից ներկայացնում է միմյանց կապված մի քանի կարստային քարանձավներ: Դրանք զբոսաշրջության համար գրավիչ վայրեր են։ Միաժամանակ, յուրաքանչյուր քարանձավն իրենից ներկայացնում է բարդ եւ առանձնահատուկ էկոհամակարգ: Մագելի քարանձավում է բնակվում չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ը ընդգրկված են Կարմիր Գրքում:
Կառավարությունը արտոնել է «Իկար» ընկերությանը` քարանձավում նախապատրաստական աշխատանքներ տանել` այն զբոսաշրջային երթուղիներում ընդգրկելու նպատակով: Ըստ այդմ` կընդլայնվի մուտքը, կբետոնապատվի հատակը, կանցկացվի էլեկտրական լուսավորություն, կկառուցվի աստիճան:
Բնապահպաններն այս նախագծին կտրուկ դեմ են: Այդ հարցի շուրջ լրագրողների ներկայությամբ բանավիճեցին «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Ըստ Ի. Զառաֆյանի` եթե քարանձավում լուսավորությունը բազմապատկվի, ինչը տեղի կունենա մուտքը ընդլայնելու եւ էլեկտրական լուսավորություն անցկացնելու դեպքում, ապա չղջիկները պարզապես կսատկեն: Ի. Զառաֆյանը հիշեցրեց, որ ոլորտի մի շարք հայտնի մասնագետներ նույնպես դեմ են արտահայտվել քարանձավի «առեւտրայնացման» գաղափարին:
Մասնավորապես` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը կարծում է, որ ոչ մի դեպքում չի կարելի բացել քարանձավը զբոսաշրջիկների համար, մինչեւ չվերականգնվի այնտեղ գոյություն ունեցող չղջիկների պոպուլիացիան: Նախկին 10 հազարի փոխարեն ներկայում քարանձավում մնացել է հազիվ 700-800 չղջիկ:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանը հակադարձեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ մշակվում եւ իրականացվում են քարանձավները զբոսաշրջային նպատակներով օգտագործելու ծրագրեր: Ձեւավորված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, անցկացվել է բնապահպանական փորձաքննություն: Արդյունքում` եկել են այն եզրակացության, որ քարանձավը կարելի է օգտագործել զբոսաշրջային նպատակներով` առանց խաթարելու էկոհամակարգը:
Ավելին` քարանձավն «անտեր» թողնելը, ըստ Ապրեսյանի, վտանգավոր է եւ չղջիկների, եւ մարդկանց համար: Քարանձավում կան խոր ճեղքվածքներ, ուր պատահական անձը կարող է ընկնել: Բացի այդ` չղջիկներն ունեն քնի ժամանակահատված, ու եթե այդ ժամանակ նրանց անհանգստացնեն` ապա կսատկեն: Ուստի հարկավոր է հսկողություն սահմանել քարանձավ մուտք գործողների նկատմամբ:
Այսպիսով, ըստ էկոնոմիկայի նախարարության, քարանձավը պետք է բացել զբոսաշրջիկների առաջ, սակայն սահմանելով քարանձավում գտվելու հատուկ ռեժիմներ:




























