ԱՄՆ պետքարտուղարությունը «ոչ ստույգ» է անվանել մի շարք լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը պահանջել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուից ներողություն խնդրել Թուրքիայից «ազատության նավատորմի» ձերբակալման եւ Mavi Marmara նավի վրա Թուրքիայի 9 քաղաքացու սպանության կապակցությամբ:

Պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլանդը հավելել է, որ իսրայելական առաջնորդը եւ ԱՄՆ պետքարտուղարը «ջերմորեն զրուցել են հեռախոսով», եւ ոչ ոք վերջնագիր չի ներկայացրել:

Իսրայելի վարչապետի գրասենյակից եւս հայտնել են, որ Հիլլարի Քլինթոնի` իսրայելական ղեկավարի վրա ճնշման ուժեղացման հետ կապված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է Newsru.co.il:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հանձնաժողովը Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Պալմերի ղեկավարությամբ ուսումնասիրել է «ազատության նավատորմի» ձերբակալման հանգամանքները, որի հետեւանքով իսրայելցի զինվորները ծանր վնասվածքներ էին ստացել, իսկ իրավապաշտպան ակցիայի 9 մասնակիցներ մահացել էին:

Հաշվետվության մեջ ճանաչվում է Գազայի ծովային բլոկադայի ենթարկելու Իսրայելի իրավունքը, բայց զինծառայողների գործողությունները քննադատվում են, ու դա կարող է հիմք հանդիսանալ արտասահմանում իսրայելցի զինծառայողներին դատական հետապնդումների ենթարկելու համար: Այսպես կոչված «Պալմերի հաշվետվության» հրապարակումը բազմիցս հետաձգվել է, բայց վերջին հետաձգման ժամկետը լրանում է օգոստոսի 23-ին:

Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Իսրայելին հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը եւ ներողություն խնդրել Թուրքիայից 9 քաղաքացիների մահվան կապակցությամբ: