Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` յուրացման, պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական անփութության դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում է, որ պետական շահերի պաշտպանության նկատառումներով նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված մասնագիտական ստուգմամբ պարզվել է, որ 2010թ. հուլիս ամսից մինչեւ 2011թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարը 2010թ. հուլիսի 19-ի թիվ ԼՄՄԳ-ԱՇՁԲ-02/10 եւ հոկտեմբերի 22-ի թիվ ԼՄՄԳ-ԱՇՁԲ-04/10 պայմանագրերով համայնքի Ա. Խամփերյանց եւ Մ. Գորկու փողոցների հիմնանորոգման, ինչպես նաեւ` Զ. Անդրանիկի փողոցի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնող «Արծովին» ՍՊ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ կազմել են ծավալաթերթերով նախատեսված, սակայն իրականում լրիվ ծավալով չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ ավարտական եւ կատարողական ակտեր: Արդյունքում` հիշյալ կատարողական ակտերի հիման վրա այդ նպատակով պետական բյուջեից ելքագրված գումարից հափշակվել է խոշոր չափերի գումար:

Իսկ Մեծավան համայնքում վերոհիշյալ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Տեխպրոյեկտ» ՍՊ ընկերության տնօրենն առանց ծավալաթերթերով նախատեսված աշխատանքի ծավալները ստուգելու իր ստորագրությամբ հաստատել է վերոնշյալ կատարողական ակտերը:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 314-րդ եւ 315-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը: