Վերջին  չորսուկես տարիներին «Ժառանգությանը» չակերտավոր երկխոսություններ շատ են առաջարկվել, սակայն կուսակցությունը հավատարիմ է իր քաղաքական գծին։ Լրագրողների հետ օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

«Թե կուսակցությունը, թե դրա առանձին պատգամավորները վերջին տարիներին բազմաթիվ գայթակղությունների են դիմացել, եւ պատվով, գայթակղությունները մերժելով՝ կարող են առաջ շարժվել նաեւ այս կես տարում»,- համոզմունք հայտնեց Արմեն Մարտիրոսյանը։

Անդրադառնալով աշնանը քաղաքական դաշտում հնարավոր զարգացումներին՝ «Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ համակարգային, արմատական փոփոխություններ չի ակնկալում՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում  չեն լինի։ «Թե ի՞նչ ընթացք կունենա երկխոսությունը եւ ով  ինչ հանրահավաքներ կանի, իրենց խնդիրն է, բայց քաղաքական դաշտը գնում է հերթական ընտրությունների, եթե իհարկե, այլ պայմանավորվածություններ չլինեն»,- ամփոփեց խորհրդարանականը։ 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում  տեղի կունենան 2012 թվականի ամռանը։