Առաջիկա երկու տարիներին չարժի ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում: Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, չարժի ակտիվացում ակնկալել, քանի որ բանակցային գործընթացում ներգրավված բոլոր երկրներում` Հայաստանից սկսած մինչեւ Ռուսաստան, ընտրություններ են անցկացվելու: Դա նշանակում է, որ այդ երկրների էլիտան իր ուշադրությունը սեւեռելու է ներքին քաղաքականության վրա:

Իր հերթին, Արեւմուտքի ուշադրության կենտրոնում այս պահին Մերձավոր Արեւելյան իրադարձություններն են: «Ղարաբաղյան հարցը ներկայումս առաջնային չէ արեւմտյան տերությունների համար: Թուրքիան էլ զբաղված է ընտրություններից հետո իր ներքին խնդիրներով եւ Սիրիայում ծավալված իրադարձություններով»,- ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ չարժի նաեւ ակնկալել միջազգային հանրության կողմից հակամարտող կողմերի նկատմամբ ճնշման ուժեղացում: