Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ երկխոսությունը ոչինչ չի որոշի: Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Հնչակյան» կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, արժի գնահատել երկխոսության երեւույթը, քանի որ մի սեղանի շուրջ նստում են իշխանություններն ու ընդդիմաությունը, բայց գործնական արդյունքներ երկխոսությունը չի տա:

«Երկխոսության շրջանակում չեն քննարկվում սոցիալական խնդիրներ, մինչդեռ հենց դա է հանդիսանում այօրվա ակտուալ խնդիրը»,- նշել է բանախոսը: Շիրխանյանի կարծիքով, հիմնական վեճն ընթանում է արտահերթ ընտրությունների շուրջ, բայց դա միայն գործող դեմքերի, ոչ թե համակարգի փոփոխություն է:

«Վերցնենք, օրինակ, տնտեսությունը. երեք ամիսը մեկ Համաշխարհային բանկը թելադրում է Հայաստանին, թե ինչ անել: Եթե փոխենք երկրի բոլոր ղեկավար անձանց, թեկուզ եւ արտահերթ ընտրությունների ճանապարհով, ապա ի՞նչ կփոխվի: Նույն բանը կանի այլ մարդ, իսկ երկրում ոչինչ չի փոխվի: Պետք է համակարգը փոխել»,- եզրափակել է նա: