Կոտայքի մարզի Զովունի համայնքում երեկ՝ օգոստոսի 18-ին հայ եւ եզդի բնակիչների միջեւ ծավալված վեճը, հակառակ որոշ լուրերի, ազգային հողի վրա չի եղել, այլ զուտ կենցաղային բնույթ է կրել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։

«Ես, որպես աշխարհի եզդիների նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանում եզդիական համայնքը խնդիրներ չունի, ազգային հողի վրա տարաձայնություններ չկան։ Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր բարեկամներ են»,- ասաց Թամոյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Զովունիում տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է հայ եւ եզդի հարեւանների՝ հողը չկիսելու հանգամանքը։

Ազիզ Թամոյանը կտրականապես հերքեց այն տեղեկությունները, թե հայ-եզդիական բախման ժամանակ անհայտ անձն ատրճանակ է պահել իր ճակատին։ «Այդ մարդն իմ գլխին բջջային էր պահել։ Մեր տղաներից մեկը շփոթել էր, մենք հետո իմացանք, որ դա ձեռքի բջջային է եղել, զենք չի եղել»,- ամփոփեց նա։ 

Նշենք,որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում մի խումբ հայերի եւ եզդիների միջեւ բախում է տեղի ունեցել։ Միջադեպի մասնակից եզդիները վստահեցրել են, որ հայերի մոտ զենք է եղել։ Բախման հետեւանքով մի քանի հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրում արյան հետքեր են եղել։ Ըստ լուրերի, զենքերը թեեւ չեն կրակել, բայց ծեծկռտուքի ընթացքում մարդիկ ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ։ Հայ-եզդիական բախման ժամանակ անհայտ մեկն, իբր, ատրճանակ է պահել եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ճակատին։ Եզդիներից ոմանք կարծում են, որ այս բախումը տեղի է ունեցել ազգային հողի վրա, մյուսներն էլ ընդգծել են, որ իրենց հետ բախված հայերի թիկունքում հայ օլիգարխ է կանգնած, ով ցանկանում է ընդլայնել իր «կալվածքները»։