18-րդ դարով թվագրվող Աֆրիկյան եղբայրների շենքը կարող է քանդվել ցանկացած պահի: Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում հայտնել է «Պատմական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

«Աֆրիկյանների տունը դա ճարտարապետական բացառիկ հուշարձան է: Խնդրի պարզաբանման նպատակով մենք նամակ ենք ուղարկել Հայաստանի մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության գործակալությանը: Պարզվել է, որ կառավարությունը 2004 թ. որոշում է ընդունել 14 հուշարձանների, այդ թվում Աֆրիկյանների տան` Տերյանի 11 փողոց տեղափոխելու մասին: 2007 թ. այդ շենքը վաճառվել է «Դվին հոլդինգ» կամակերպությանը, որը քանդել էր շենքի տանիքը, որպեսզի այն վթարային համարվի: 2010 թ. Աֆրիկյանների տան սեփականատերեր է դարձել Millennium Construction կազմակերպությունը: Միտումներից դատելով` ամենայն հավանականությամբ շենքը քանդվելու է»,- ասել է Ս. Բաղդասարյանը` հավելելով, որ «մենք պահանջում ենք հայ մշակութային կոթողների պահպանում հարեւան երկրներում, մինչդեռ մենք ինքներս չենք պահպանում Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետությունը»:

«Աֆրիկյանների շենքը ոչ միայն ճարտարապետական արժեք է, այլ նաեւ պատմական հուշարձան: Ես արդեն 8 տարի է, ինչ փաստագրական ֆիլմ եմ նկարահանում հին Երեւանի տների մասին  եւ կարծում եմ, որ Աֆրիկյանների տունը կարժանանա նույն ճակատագրին, ինչպես Ջանփոլադյանի թատրոնի շենքը, Լալայանցի գործարանը եւ այլ պատմական կառույցներ, որոնք քանդվել են 2000-2006 թվականներին: Եթե Աֆրիկյանների ակումբի շենքը քանդեն, Հայաստանի զբոսաշրջության ոլորտին հսկայական վնաս է հասցվելու, քանզի զբոսաշրջիկները մեծ մասը ցանկանում է ծանոթանալ հին Երեւանի հետ: Եվրոպայի բոլոր քաղաքներում պատմական ճարտարապետությունը պահպանվում է ոչ միայն արխիվային փաստաթղթերում»,- նշել է ասուլիսի մեկ այլ բանախոս` ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

Բիանջյանի խոսքով, հուլիսի 31-ին «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Հ. Բիանջյանը եւ Ս. Բաղդասարյանը հույս են հայտնել, որ թեկուզ եւ լրատվամիջոցների միջոցով կհաջողվի կոտրել անտարբեր հասարակությանը եւ կոչ անել իշխանություններին պահպանել մայրաքաղաքի պատմական ճարտարապետական հուշարձանները:

Նշենք, որ Աֆրիկյան եղբայրները ակտիվ մասնակցություն են ունեցել Երեւանի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում: