Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպառնալիքը՝ ՀԱՊԿ-ից բացառել «երկրներին, որոնք չեն ցանկանում համագործակցել պայմանագրի շրջանակներում», հիմքեր ունի, «Գազետա.ru»-ին ասել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նշենք, որ միակ երկիրը, որը ներկայացված չէր ՀԱՊԿ՝ օգոստոսի 12-ին Աստանայում կայացած վերջին գագաթաժողովին, Ուզբեկստանն էր։ «Ուզբեկստանն արդեն մի քանի տարի հավասարակշռված դիրք է գրավում՝ ձեւականորեն մնալով ՀԱՊԿ-ում, սակայն չմասնակցելով համատեղ միջոցառումներին եւ չստորագրելով համատեղ որոշումներ»,- ասել է պատգամավորը։

Զատուլինն Ուզբեկստանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է ծայրահեղ նուրբ, քանի որ այդ երկրի վարքագծի շուրջ դժգոհություն ՀԱՊԿ-ում առկա է, սակայն Ուզբեկստանի հանդեպ որեւէ պատժամիջոցի կիրառումը կարող է սրել իրավիճակը Կենտրոնական Ասիայում։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի բացակայությունը առիթ չի դառնա ՀԱՊԿ-ից այդ երկրի բացառման համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Բորդյուժայի նման հայտարարության պատճառ դարձել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոչը՝ Կազմակերպությունից բացառել «երկրներին, որոնք չեն ցանկանում համագործակցել պայմանագրի շրջանակներում»։