ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակը, որ պաշտոնական փաստաթուղթ է եւ Սերժ Սարգսյանի կողմից հաստատվել է նախորդ ամիս, էկզոտիկ մի նմուշ է եւ շատ բան է պատմում Հայաստանում հաստատված իրողությունների մասին:
Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, որը ներկայումս աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում` որպես քննիչ:
Դատավոր է ցանկանում դառնալ նաեւ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որն այժմ Երեւանի դատախազությունում ավագ դատախազ է:
Քրեական մասնագիտացմամբ դատավոր դառնալու հայտ է ներկայացրել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Հարությունյանը:
«Ոսկե զավակների» այս շղթայի էկզոտիկան ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանն է, որն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում` որպես դատավորի օգնական, բայց ցանկանում է դառնալ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավոր:
«Ոսկե զավակների»` դատավոր դառնալու ցանկությունը, ահա, չի կարելի միայն սովորական երազանք համարել: Հայաստանում դատավորներ կարող են նշանակվել միայն ու միայն հաստատված այդ ցուցակից: Դրանում հիմա ընդամենը 20 հոգի կա, իսկ դատավորների թափուր տեղերը 13-ն են: Մինչեւ տարեվերջ եւս 6-7 տեղ կազատվի` մի շարք դատավորների թոշակի անցնելու կապակցությամբ եւ այլ պատճառներով, ինչը նշանակում է, որ հանրապետության «ոսկե զավակները» շարունակաբար իրենց ձեռքը կվերցնեն հայկական ֆեմիդայի ղեկը:
Ի դեպ, վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր է նշանակվել Երեւանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեի պետ Երվանդ Զախարյանի որդին` Արտակ Զախարյանը: Հայաստանն իրապես անկախ դատական համակարգի ձեւավորման ճանապարհին է:




























