Նախիջեւանում ապրելն անտանելի է դարձել: Այդ մասին ադրբեջանական «Մուսավաթ» թերթին հայտնել է Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության իրավապահ մարմինների աշխատակից Հեքիմելդոսթու Մեհդիեւը:

Վերջինս նշել է, որ Նախիջեւանում անասելի թանկացումներ են սկսվել, միեւնույն ժամանակ տեղի իշխանությունները թույլ չեն տալիս, որ Թուրքիայից սննդամթերք ներմուծվի, հարկային աշխատողները տուգանում են անգամ մեկ կիլոգրամ միս տեղափոխելու համար:

«Այդ իսկ պատճառով աղքատ բնակչությունը փող վաստակելու համար արտասահման է մեկնում»,-ասել է Մեհդիեւը եւ հավելել, որ ներկայումս անհասկանալի պատճառներով ինքնավար հանրապետության բյուջետային վարչության աշխատակիցներից գումար են գանձում, որը խիստ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում:  

Բացի այդ, «Մուսավաթ»-ը հաղորդում է, որ Նախիջեւանում ապրող ադրբեջանցիները հիմնականում հեռանում են թուրքական Ստամբուլ եւ Իգդիր քաղաքներ, ինչպես նաեւ Ռուսաստան` օրվա հաց վաստակելու համար: