Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը մասնակցելու է 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌԱԿ նորաընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը` նշելով, որ արտախորհրդարական կուսակցության համար միայնակ ընտրություններին մասնակցելը շատ բարդ է լինելու:

«Տնտեսության մեջ գնաց մոնոպոլիա, հիմա էլ կարծես թե քաղաքական դաշտում է գնալու մոնոպոլիան»,- նշեց նա` հավելելով, որ ՀԱԿ-ը եւ իշխանությունը կարծես կանխորոշել են ընտրությունների ընթացքը: Նրա խոսքով` ուժերը պետք է դա գիտակցեն եւ միասնական հանդես գան, որովհետեւ «առանձին-առանձին ոչ թե շատ բարդ է լինելու, այլ անհնար է  լինելու որեւէ արդյունքի հասնելու համար»:

«Պետք է ամբիցիաները դնել մի կողմ եւ ազգային գաղափարի շուրջ կենտրոնանալ եւ գնալ առաջ»,- ասաց Հարություն Առաքելյանը: Իսկ թե ՀՌԱԿ-ը որ ուժի հետ կհամագործակցի, նորանշանակ ատենապետը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է կոլեգիալ որոշում եւ Հանրապետական վարչությունը ում որոշի, նրա հետ էլ կմիավորվեն: «Հայաստանում լուրջ դերակատարում ունեցող ուժերի հետ մենք խնդիր չունենք: Չկա կուսակցություն, որոնց հետ ՀՌԱԿ-ը թշնամական հարաբերություններ ունենա, բացի Հակոբ Ավետիքյանինը»,- նշեց նա: