Հայաստանի ոստիկանությունում ծառայողական քննություն կիրականացվի Կենտրոնի ոստիկանության աշխատակիցների կողմից Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի կապակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանը։
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկու օր առաջ դիմել էր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս նշանակի ծառայողական քննություն եւ ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները:
Աղվան Հովսեփյանը ոստիկանապետին ուղարկել էր նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի լուսապատճենը` նկատի ունենալով¸ որ հենց այդ հոդվածում է առավել հանգամանալից անդրադարձ կատարվել Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը եւ տեղի ունեցած միջադեպին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության աշխատակիցներն օրեր առաջ ծեծել եւ բերման էին ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:
Փաստաբանների խոսքով, ոստիկանությունում իրենց աշխատանքը խոչընդոտել էին, վերցրել փաստաբան Ստեփան Ոսկանյանի հեռախոսը, հարվածել Վահե Հովսեփյանին, իսկ ձերբակալությունների արձանագրությունները կազմել էին առանց իրենց մասնակցության:




























